Friday, April 29, 2011

Just married կամ ասե՜նք շնորհավոր

Բայց ի՜նչ անդուր բան ա հարսանիքը....ինչ ուզում եք ասեք, մինչդեռ բոլոր աղջիկները քնում-երազում են հարսանեկան փայլուն արարողության, ճերմակ երկար զգեստի ու նմանատիպ բաների մասին, ես ամբողջ հոգով հասկանում եմ <Сбежавшая невеста> ֆիլմի գլխավոր հերոսուհուն: Ախր, ես էդտեղ ոչ մի ռոմանտիկ ու հաճելի բան չեմ տեսնում:
Հիմա էլ նայում եմ խեղճ Քեյթ Միդլթոնին լացս գալիս ա, առանց էդ էլ հրաժեշտ ա տալիս ազատ կյանքին, դրա հետ մեկտեղ մտնում ա թագավորական ընտանիք (թող ջանը յուղի, պատկերացնում եմ ոնց են ճնշելու բարձրաշխարհիկ տիկինները), էդ էլ հերիք չի աշխարհի կեսը քեզ ուղիղ եթերով հետևում ա...
Ուրեմն, մի անգամ ականատես եղա միջին տարիքի երկու հայ կանանց խոսակցության. մեկը ասում ա՝ լսի, բայց ձեր հարսիկի քիթը շատ մեծ էր, մյուսը՝ հա, գիտեմ: Էդ օրվանիս ես էլ ավելի հարսանիքատյաց դարձա: Հերիք չի մարդկանց կանչում ես ուտացնում-խմացնում-պարացնում, մի հատ էլ ամբողջ ցեղով քննարկում են քիթդ, շորդ, ձևդ, լավն ես, թե վատն ես ու նման բաներ: Դե քաղաքակիրթ Անգլիայում դժվար տենց խոսակցություններ լինեն, բայց դե ամբողջ աշխարհով Քեյթին նայում են ու երկրագնդի կանացի մասան բամբասանքը կապահովի: Անգլիական հարսանիքը ի տարբերություն հայկականի նաև շատ ձանձրալի ա, ու ոչ միայն մեզ համար, քանի որ հենց նոր նկատեցի, որ Հարգարժան, Ձերդ Մեծություն Ելիզավետա թագուհու աչքը կպավ: Չնայած զարմանալու չի, որովհետև տերտերը արդեն կես ժամ ներկաներին հիպնոզի ա ենթարկում: Բայց սա դեռ ամենը չէ, այս տերտերին հաջորդում է մյուսը, հուսանք, որ ներկաները տանը կերել են նոր են եկել: 
Իրականում ես Քեյթին շատ եմ հավանում, ինքն էլ, իմ կարծիքով, էնքան անկեղծ ա, որ մի տեսակ չի սազում էդ անգլիական ֆորմալությանը: Երևի էս արարողությունը տանելու համար պիտի առնվազն ազնվազարմ անգլիացի լինես с голубой кровью: Голубой ասեցի հիշեցի, ամենահավես զույգը Էլթոնն էր մարդու հետ կամ կնոջ, իրանց դերերը տենց էլ չսովորեցի բաշխել:
Լավ, ինչևէ, անգլիացիները շարունակում են թեյ խմել, իսկ մեր ազգը քննարկել Քեյթի շորը՝ մի տեսակ շատ փակ էր չէ՞:D

Tuesday, April 26, 2011

Փռչոտ հորոսկոպ

Մի անգամ շատ վաղուց Լոլիտա Միլյավսկայան մի ինտերվյուի մեջ ասաց, որ մարդու (ինքը նկատի ուներ կնոջ) մազերից անգամ կարելի է դատել նրա բնավորության կամ խառնվածքի մասին: Դրանից հետո Մանեն էլ քուն ու դադար չուներ, ինչպես միշտ, երբ մի հատ идея- фикс մտնում ա ուղեղս ու էնքան եմ մտածում դրա մասին, որ համամարդկային ճշմարտություն ա դառնում: Ու ամեն մարդուն ճանաչելիս ուշադրությունս սևեռում էի մազերի որակին ու դրանից դատում, թե ինքը ինչ ձևի մարդ է: Ուրեմն ներկայացնեմ իմ դատողությունները, ելնելով շրջապատիս մարդկանց մազերի որակի, ինչպես նաև Մեծն Ինտերնետի ավելի օբյեկտիվ փաստարկները:
  1. Նախ ինչպես գիտենք մազերը լինում են ՝ չոր, յուղոտ (ինչքան էլ որ անդուր ա հնչում) ու նորմալ: Ամենաառաջինը ուզում եմ ասել, որ մազի լավ կամ վատ լինելը չի կարող նշանակել, որ անձը դրական ա կամ բացասական, ընդհանրապես իմ կարծիքով մարդկանց երկու խմբի չի կարելի բաժանել, նույն ես՝ Մանես, շատերի համար վհուկ եմ, մնացածի համար ել հրեշտակ( թե որ զանգվածն ա ավելի մեծ շատ դժվար ա ասել): Այսպիսով, եթե տեսնում եք թեփոտ, նոսր ու յուղոտ մազերի տեր մարդ, ապա մի շտապեք դատել, շատ հնարավոր է, որ նա հիասքանչ մարդ ու լավ ընկեր լինի (սակայն եթե ընկերանաք, խորհուրդ կտամ առաջին հարմար առիթի դեպքում նրա մազերի որակին համապատասխան շամպուն նվիրեք, բայց շատ տակտով կմատուցեք):
  2. Ուրեմն, իմ հետազոտություններից ելնելով՝ չոր մազեր ունեցողները նպատակասլաց, իրենց ուզածին հասնող,ռեալիստ, աշխատասեր, կայուն մարդիկ են: Հիմնականում համառ են ու ուժեղ, դիմացկուն, համբերատար: Ինչպես կռահեցիք, յուղոտ ու նոսր մազեր ունեցողները պիտի լինեն չորի հակառակը և մեծ մասամբ էդպես էլ կա, նրանք ավելի զգայուն են, էմոցիոնալ, ռոմանտիկ, բարի, հասկացող, փոփոխական, բայց հաճելի մարդիկ են: Ի դեպ, ավելի լավ է որակը տարբերեք, ոչ թե չորով ու յուղոտով, այլ խիտով ու նոսրով, որովհետև ժամանակակից ցիվիլ պայմաններում մարդիկ հաճախ են լվանում վարսերը: Բայց ամենավտանգավոր տիպը իմ կարծիքով նորմալ մազեր ունեցողներն են,(մանավանդ կանայք), քանի որ եթե խառնեք վերը նշված որակները, ապա կզգաք, թե ինչ խառնաշփոթ ա լինում: Խիտ, որակյալ, փայլուն մազեր ունեցողները միաժամանակ խելացի, խորամանկ, քմահաճ մարդիկ են:
  3. Պոչիկով կամ կարճ մազերով կանայք բիզնես-լեյդիի մարմնացումն են: Նպատակասլաց ու աշխատունակ, նրանք շատ մեծ բարձրունքների են հասնում, բայց հազվադեպ են գտնում կանացի երջանկությունը (վե՛րջ, մազերս երկարացնում եմ): Իսկ երկար մազերով կանայք, բնականաբար, հիանալի տնային տնտեսուհի, կին և մայր են:
  4. Ագրեսիվ տղամարդկանց գրավում են երկար մազերով (սուսուփուս, տանը պահած) կանայք: Ինչքան էլ դժվար ա ընդունելը, բայց նույնիսկ հոգեբանության մեջ мужчины предпочитают блондинок, քանի որ վերջիններս ավելի շատ հարմոնիա են պարունակում: Իզուր չի էլի, որ հայ կանայք սազի-չսազի բլոնդ են ներկվում, քանի որ ենթագիտակցաբար-բնազդաբար զգում են, որ сработает... Վերջիվերջո շիկահերները ավելի հաջողակ են անձնական կյանքում ( էդ ես չեմ ասել, այլ վիճակագրությունը): Վառ մազերով կանայք ուշադրություն են գրավում, բայց նաև վանում են իրենց ինքնավստահությամբ և անկախությամբ: 
  5. Լավ, մի քիչ էլ ուժեղ սեռի մասին գրեմ: Ճաղատ մարդիկ ավելի քիչ են ապրում, քան խիտ մազածածկույթ ունեցողները, քանի որ մազերից էներգիա չեն ստանում(բնականաբար էս իմ ուսումնասիրությունը չի): Ճաղատ տղամարդը ագրեսիայի  մարմնացումն է՝ կոշտ, չոր, խանդոտ: Հանգիստ, խաղաղասեր տղամարդիկ ունեն լավ մազածածկույթ, առանց քաշվելու կերկարացնեն մազերը, կապված են արվեստի հետ, բայց չափից դուրս եթերային են, նյութականից հեռու տղամարդիկ են...
Իհարկե, պետք չի իմ նման ուշադրություն դարձնել էսպիսի մանր-մունր բաների վրա, բայց սանրվածքը կամ մազերի գույնը փոխելուց առաջ իմացեք, որ դա կարող է ճակատագրական լինել... Հո՜հո՜հո - չար խնդաց վհուկը...

Thursday, April 21, 2011

Համեմատականությունը անհամեմատ համեմատական է

Ով չգիտի Էյնշտեյնի, կամ ինչպես ասում է իմ սիրելի ֆիզիկայի դասատուն՝ ընկեր Մկրտչյանը, Այնշտայնի խոսքերն են: Ինչևէ բլոգս Էնշտեյն- Այնշտայն տարբերության ու գերմաներենի արտասանության մասին չէ: Հարկա՛վ)))
Ընդհանրապես ատում եմ, երբ համեմատում են մարդկանց, բայց դե մեր մեջ մտած ա, դեռ մանկուց՝ այ տես Անուշիկը ինչ խելոք աղջիկ ա, մամային միշտ լսում ա, դպրոցում լավ ա սովորում, կամ էլ՝ էդ ինչի՞ Ռոբերտիկը կարող ա, իսկ դու չէ, ինչի դու իրա չափ չկա՞ս:
Եթե մեզ հարցնես՝ ամեն մարդ անհատականություն է և մենք պետք է գնահատենք նրան ինչպիսին, որ կա... ու նման ամպագոռգոռ ու շինծու, բայց գեղեցիկ, խորը ֆրազեր, իսկ երբ պահը գալիս է, միշտ էլ գտնում ենք ավելի լավը, գեղեցիկը, խելացին ու համեմատում, համեմատում, համեմատում, չհասկանալով, որ այդպիսով կոտրում ենք մարդու անհատականությունը ու խթանում անթիվ-անհամար կոմպլեքսների առաջացմանը, որոնք առանց էդ էլ ծնված օրվանից երեխային՝ մանավանդ հայ, հետապնդում են: Ու ամբողջ կյանքի ընթացքում էդ մարդիկ համոզված են՝ մեկա Անուշիկը ավելի խելոք ա, էլ ինչ գնամ իրան հասնեմ, Մերին ամենաճաշակովն ա, իսկ Ռոբից էն կողմ էլ չկա...Չկա ձգտում, ինքնավստահություն, հավատ... բայց իրոք ամեն մարդ ունի իր պայծառ կողմը, եթե Անին կամ Լիլիթը չափազանց խելացի են, գուցե դու էլ հումորով ես կամ սրամիտ, կամ Դավը լավ տղայա, բայց շատ հաց ու պանիր պիտի ուտի, որ քո պես փայլուն հիշողություն կամ մարդկային հատկանիշներ ունենա: Հիմա էստեղ կարևորը ֆլան-ֆստանի առավելությունները չեն, այլ որ ինքդ հասկանաս, որ առանց համեմատվելու էլ մեծ արժեք ես քեզնից ներկայացնում: Բայց էդ մենակ ասելով չի, իրոք հավատալով ա, թող ամբողջ աշխարհը ասի, որ դու բաղաձայն ես, բայց եթե ուզում ես ու քեզ լավ ես զգում՝ երգի: Իհարկե, ոչ մարդաշատ տեղում, թե չէ շատերի նյարդերը, իմը ներառյալ, չեն դիմանա, բայց դե առաջին տեղում միշտ քո եսն ա:
Ու էսքանից էլ ի՞նչ համեմատություն...

Friday, April 15, 2011

Թատրոն

Մարեցին լույսերը,
Բարձրացավ վարագույրը,
Ես փակում եմ աչքերս,
Ու փոխում իմ գույնը:

Դահլիճը լուռ է,
Ոչ ոք չի աղմկում,
Հանդիսատեսը հիացմունքից կույր է,
Երբ ես եմ խաղում:

Դերս միշտ թարմացնում եմ,
Գուցե մենախոսե՞մ,
Կամ իմ խանդի հողի վրա
Նորից քեզ հունից հանե՞մ:

Սիրելիս, ես միշտ փոխվում եմ,
Ու երբեք չեմ կրկնվի,
Միայն թե իմ միակ հանդիսատեսը,
Ինձնից չհոգնի...

Անընդհատ կփոխեմ դիմակներս,
Դե՛, կռահի՛ր, ո՞վ եմ ես,
Ես անգիր գիտեմ բոլոր տողերս,
Ու ողջ թատրոնս նվիրում եմ քեզ:

Մանեն բեմի վրա է,
Նա այսօր լավ է խաղացել,
Պիեսի վերջը սա է,
Ու քեզ մնում է լուռ ծափահարել...

Wednesday, April 13, 2011

Ռեալիզմ vs. Ռոմանտիկա....

Հիշում եմ, մի քանի տարի առաջ, երբ դեռ հոգով-սրտով ամպերում էի ինչ-որ մի տեղից լսեցի, որ մարդիկ բաժանվում են երեք խմբի՝ ռոմանտիկներ, ռեալիստներ ու քննադատներ: Բնականաբար, 15ամյա աղջկա համար, ռեալիստները տախտակ, տհաս մարդիկ էին, քննադատները ՝ կոմպլեքսավորված բիձուկներ(ժամանակի հետ գնալով քննադատելու համար լեզուն բացվում ա) ու միայն ռոմանտիկներն էին կատարյալ, բարի, ազնիվ անհատներ:
Բայց հիմա, երբ նայում եմ քսանամյա հարթակից, ո՞ւմ ա պետք... երազել, սավառնել, չէ՞ որ ի վերջո ընկնել կա...
Որոշեցի մի քիչ ուսումնասիրել ռոմանտիզմը, իհարկե, ոչ որպես գրական ուղղություն(վերջինը Դավթյանի թեթև ձեռքով անցել ենք) ու պարզեցի, որ ռոմանտիկների համարյա մեծ մասը, կյանքի ծանր հարվածների հետևանքով դառնում ա, ուշադրություն....՝ ՑԻՆԻԿ... բա ամոթ չի՞:
Ռոմանտիկներին բնորոշ ա ամեն ինչ իդեալականացնել, շատ երազել, բա գործե՞լ, որտե՞ղ են գործողությունները...հա ինչքա՞ն երազենք, երազում են դեռատի օրիորդները Արամեի մասին, բայց եթե մարդը քսանն անց ա ու բաց ճակատով ասում ա՝ ես ռոմանտիկ եմ, ու հլը մի բան էլ հպարտանում ա դրանով, ես սկսում եմ քաշվել էդ մարդուց, որովհետև դժվար  ա էլի ռոմանտիկներին էս ՌԵԱԼ աշխարհում:
Գիտեք, պետք չի անտեսել նաև սեռերի հոգեբանությունը, վերջիվերջո մեծ տարբերություն կա կանանց ու տղամարդկանց աշխարհայացքի մեջ: Ո՞վ է ավելի ահավոր կին թե՞ տղամարդ ռոմանտիկը... Ճիշտն ասած բոլորին թվում է, որ ռոմանտիզմը բնորոշ ա կանանց, բայց ես էդքան էլ համաձայն չեմ, կանայք լուրջ հարցերին շատ էլ ռեալ են նայում, բայց իրենց դնում են ռոմանտիկի տեղ, այլ կերպ ասած շատ հաճախ՝ էշի տեղ, որը համաձայնվեք, որ շատ հարմար ա խնդիրներից ու դիսկուսիաներից խուսափելու համար: Իսկ տղամարդիկ էդքան խորամանկ չեն առօրյա հարցերում ու լավ էլ ռեալիստ են, բայց հոգու խորքո՜ւմ...էհ ДУША ПОЭТА...!
Մի հատ խառը կծիկ ստացվեց, սակայն հաշվի առնելով հոգեբանության քարկապ լինելը, նորմալ ա,  բայց դե քանի որ հաստատ ոչ մի բան չկա, խիստ մի դատեք իմ դատողությունները:
Սիրով ձեր՝ ռեալիզմին ձգտող, բայց երբեմն ռոմանտիկայի մեջ տվայտվող
ՄԱՆԱՆԵԽ

Saturday, April 9, 2011

Բարի գալուստ Մանանեխի աշխարհ

Ես բլոգ բացեցի....
Ճիշտն ասած վաղուց մտքումս կար էդ գաղափարը, բայց ինչ-ինչ պատճառներով (ծուլություն, ցրվածություն, անճարություն,զբաղվածություն) անընդհատ հետաձգվում էր: Հիմա վերջապես, երբ անսպասելի մղում մեջս արթնացավ, մուսաս էլ պոռթկաց, որոշեցի վերջապես բացել...
Բլոգիս համար ոչ մի մտավախություն չունեմ, քանի որ միշտ թեմա կա գրելու, ասելիքներս էլ անպակաս են:
Անկեղծ ասած բլոգից ընդհանրապես գլուխ չեմ հանում, բայց հուսանք, որ շուտ կադապտացվեմ էս անծանոթ մոլորակում, ու հղումներս գնալով կկատարելագործվեն:
Իսկ Մանանեխի միտքը մամայիս մոտ ծագեց, ինձ էլ շատ դուր եկավ, ինձ թվում ա՝ ինձ սազում ա՝ որպես կծու մարդ, ու վերջիվերջո հիշվող անուն ա, իսկ հիշվելը շատ կարևոր ա:
Լավ, այժմ, ես ավարտում եմ առաջին գրառումս և մունաթից խուսափելու համար շտապում գրել կուրսայինս...
Սիրով՝ ձեր Մանանեխ