Wednesday, June 8, 2011

Խավարասերը

Բարև...Ես Խավարասերն եմ, մարդիկ ինձ տառական են ասում ու չստիկներով ընկնում հետևիցս, բայց դե ես չեմ հասկանում այդ ագրեսիան, քանի որ բացի խավարասեր լինելուց, նաև չափազանց խաղաղասեր եմ...
Բոլոր խավարասերները աչքի են ընկնում իրենց ռոմանտիկ բնույթով, մենք շատ զգացմունքային ենք, սիրում ենք լուսինը, լռությունը, մութ խցերի խոնավությունը և ամենակեղտոտ աղբի մեջ էլ մի գեղեցիկ բան կգտնենք: Մենք հոգով արտիստ ենք...
Ես զարմանում եմ՝ ինչո՞ւ են մարդիկ մեզ ատում, ախր մենք նրանց ի՞նչ ենք արել: Բախտս բերել է, որ արագաշարժ եմ, թե չէ արդեն վաղուց արժանացել էի մի ծանր չստիկի հարվածի...Ընդունում եմ, որ պարազիտ եմ (չնայած մարդ արարածից պարազիտ էակ այս աշխարհում չկա), բայց ես ոչ մի վնաս չեմ տալիս ,ավելին նույնիսկ մարդկանց չանհանգստացնելու համար գիշերով եմ զբոսնում և ամենակարևորը, որ չունեմ թևեր և ցավոք «գետնից բարձր» չեմ կարող խաղալ թիթեռների, ճանճերի, մոծակների և մյուս բզեզների նման: Նաև ես շատ եմ վիրավորվում, որ մարդիկ թիթեռներին գեղեցիկ են համարում, իսկ մեզ անպետք և տգեղ, ախր մարդիկ այնքա՜ն մակերեսային են, նրանք չեն կարող տեսնել մեր էությունը, չես պատկերացնի ի՜նչ գեղեցիկ աչքեր ունենք:
 Չեմ կծում ու ոչ էլ թունավոր եմ ու եթե նույնիսկ ունենայի կծելու հնարավորություն միևնույն է՝ չէի կծի, քանի որ ահավոր բարի եմ և ընդունակ չեմ որևէ չարիքի՝ բնությունը ինձ էսպիսին է ստեղծել: Բայց դե, ցավոք, իմ կարճատև կյանքի փորձը ցույց է տալիս, որ տուժում են միայն բարի, անշառ և միամիտ էակները...
Երազում եմ կազմել ամուր ընտանիք, ունենալ խելացի և զգույշ երեխաներ... Մեր մեջ ասած հավանում եմ մի օրիորդի, կողքի նրբանցքից է, երբեմն գիշերային զբոսանքների ժամանակ հանդիպում ենք իրար: Երկուսս էլ ամաչկոտ ենք և դեռևս սահմանափակվում ենք հայացքներով: Սիրում եմ, երբ նա ժպտում ու կարմրում է, ամաչում է իր իսկ ժպիտից, չես պատկերացնի ինչ գեղեցիկ է կարմիրը նրա շագանակագույն այտերի վրա...Ես երևի իրոք սիրահարվել եմ:
Շուտով կմթնի և ես դուրս կգամ որսի եթե կարելի է էդպես ասել: Եթե բախտս չբերի էս անգամ էլ ամենաանպատեհ պահին ինձ մի կին կտեսնի և ամբողջ թաղամասով գոռոցը կգցի, կարծես ես բզեզ չեմ, այլ կենդանի դիակ կամ ինչ որ հրեշ: Մարդ- կանայք շատ տարօրինակ են, նույնիսկ կենդանիները չեն հասկանում իրենց տրամաբանությունը: Երանի՜ ուտելու մի բան գտնեմ այսօր...Երանի՜ տեսնեմ իմ միակի կարմրած այտերը...Երանի՜ այսօր էլ կենդանի մնամ...
Իսկ այժմ ես անհետանում եմ կեսգիշերի խավարի մեջ, լուսնի շողերի ներքո իմ խավարը լի է բազմաթիվ գույներով, ինչպես գորշ մարմնի մեջ իմ մեծ ու խորը հոգին...

No comments:

Post a Comment